Վերադառնալ գլխավոր էջ
12 October 2026

Չեխիայի խորհրդարանի Սենատի անդամներն ընդունեցին AMWC-2027-ին մասնակցելու պաշտոնական հրավերը

Չեխիայի խորհրդարանի Սենատի անդամներն ընդունեցին AMWC-2027-ին մասնակցելու պաշտոնական հրավերը

Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027-ի նախագահ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, կազմակերպական խորհրդի անդամները՝ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը և Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը, հյուրընկալեցին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի պատվիրակությանը:

Բժշկական բուհի ղեկավարը հույս հայտնեց, որ 2027 թվականի հուլիսին կայանալիք կոնգրեսին, որը տեղի կունենա բժշկական համալսարանում, կմասնակցեն նաև Չեխիայից ժամանած մեծ քանակությամբ բժիշկներ, ինչպես ազգությամբ հայ, այնպես էլ այլ ազգեր ներկայացնող:

«Սպասում ենք հազարավոր մասնակիցներ: Իհարկե, շեշտադրումն ուղղված է լինելու մեր շրջանավարտներին, որոնք, համոզված եմ, նաև Չեխիայում են մասնագիտական գործունեություն ծավալում», – նշեց նա:

Ռեկտորը հյուրերին փոխանցեց կոնգրեսին մասնակցելու պաշտոնական հրավերը` ակնկալելով չեխ գործընկերների մասնակցությունը բժշկագիտական համայնքի համար կարևորագույն միջոցառմանը:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորը, որը մասնագիտացած է մանկաբուժության, նեոնատոլոգիայի և սրտաբանության ոլորտներում և աշխատում է նաև Օլոմոուցի հիվանդանոցում, նկատեց, որ առաջին իսկ պահից իրենք զգում են Հայաստանի հյուրընկալությունը:

Պալացկի համալսարանի ղեկավարի անունից նա ողջույններ փոխանցեց ռեկտորին` պատրաստակամություն հայտնելով մասնակցել կոնգրեսին, համագործակցել տարբեր ոլորտներում, մասնագիտական կապեր հաստատել և փորձի փոխանակում իրականացնել: