Կոնգրեսի Տարբերանշան

Տարբերանշան

Կոնգրեսի տարբերանշանն արտացոլում է հայկական բժշկագիտության արմատները և ժամանակակից աշխարհի առաջատար միտումները։ Տարբերանշանի հիմնական գույնը հայկական կավն է՝ Bolus Armeniacus-ը: Դեռևս Ավիցեննայի աշխատություններում նշվել է դրա հակասեպտիկ և վերքաբուժիչ հատկությունների մասին։ Տարբերանշանի ուրվապատկերի ընտրությունը ևս խորհրդանշական է։ Հայկական կավից պատրաստված ամենահին հայտնի առարկան Իզնիկ բնակավայրի հայ խեցեգործների կողմից 1552 թվականին պատրաստված լամպն է, որը պահպանվում է Լոնդոնի Victoria and Albert թանգարանում։ Լամպի պատկերազարդումները հետագայում ոգեշնչել են հայ խեցեգործներին՝ ստեղծելու Սուրբ Հարության տաճարի արտաքին պատերի ներքնամասի զարդարանքները։ Ուստի տարբերանշանի ուրվապատկերը հղում է հայ խեցեգործների կողմից բուժիչ հայկական կավից ստեղծված միջնադարյան կիրառական արվեստին։ Տարբերանշանի հիմնական բաղադրիչները երկուսն են։ Առաջինը բժշկական համալսարանի գմբեթավոր մասնաշենքն է՝ որպես ուղիղ հիշատակում այն փաստի, որ կոնգրեսի հրավիրող կողմը ԵՊԲՀ-ն է։ Երկրորդ կարևոր տարրը նուռն է, որը հայկական մշակույթում խորհրդանշում է կյանքը, վերականգնումն ու պտղաբերությունը։ Դեռևս միջնադարյան հայ մեծ բժշկապետ Մխիթար Հերացին իր աշխատություններում հիշատակում էր նռան կեղևից պատրաստվող ջերմիջեցնող թուրմն ու արյունահոսությունը դադարեցնող քսուքը։ Ժամանակակից աշխարհի հետ կապը խորհրդանշում են նռան հատիկները, որոնք միմյանց են միացված միկրոսխեմայի նմանությամբ՝ արտահայտելով բժշկության, նորարարական տեխնոլոգիաների և արհեստական բանականության փոխկապակցվածությունը։ Միաժամանակ հատիկները խորհրդանշում են մարդկանց, որոնց միավորում է կոնգրեսը՝ ստեղծելով գիտելիքի, փորձի և համագործակցության միասնական հարթակ։